Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում իրականացված մի շարք մշտադիտարկումների արդյունքները` համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.867.160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից

Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքներ։ Մշտադիտարկումների համար հիմք են հանդիսացել  Ծառայության կողմից ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների հիման վրա կատարված վերլուծությունները։ Մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անգործության հետևանքով համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.867.160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից։ Այսպես.

 

Պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից շինարարության թույլտվությունների ժամկետների խախտման դեպքերով կատարվել են ժամկետների երկարաձգումներ, սակայն չեն կիրառվել նախահաշվային արժեքի 1 և 10 տոկոսների չափով վարչական տուգանքներ, այն դեպքում, երբ շինարարության թույլտվության ժամկետների խախտման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Որոշ օբյեկտների մասով չեն ներկայացվել նաև օտարման վերաբերյալ դատական հայցեր, այնինչ դրանք ենթակա էին օտարման։

Հարկ է նշել, որ որոշ դեպքերում քաղաքացիները նախազգուշացվել են շինարարության թույլտվության ժամկետի խախտման դեպքում վարչական պատասխանատվության մասին:

 

Ընտրանքային կարգով առանձնացվել են թվով 43 խոշոր օբյեկտներ, որոնց նախահաշվային գները կազմել են 56.488.732.400 ՀՀ դրամ, որի համապատասխան տուգանքները կազմել են 6.213.760.500 ՀՀ դրամ, մինչդեռ 2011-2021թվականներին համայնքի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված վարչարարությունը չի իրականացվել և արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.213.760.500 ՀՀ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից:

 

Պարզվել է նաև, որ 2018-2021թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով օրինականացվել են թվով 3337 ինքնակամ կառույցներ, որոնցից 2491-ի մասով ինքնակամ շինարարություն իրականացրած անձինք վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, մինչդեռ ինքնակամ շինարարության իրականացման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ ևս 653.400.000  ՀՀ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից:

 

Երևանի քաղաքապետարանում իրականացված հիշյալ մշտադիտարկումներով հայտնաբերված առերևույթ խախտումների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է  նաև 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն, որի  արդյունքում հայտնաբերվել էին շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ։ Ուսումնասիրության արդյունքներն  ամփոփվել և ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Երևանի քաղաքապետարանի կողմից օրենքի խախտումներով օտարված հողամասերի վերաբերյալ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին, մասնավորապես.

 

  1. Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. որոշմամբ քաղաքացի Կ.Հ.-ին 1.921.300 դրամ արժեքով օտարվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող 424.7քմ մակերեսով հողամասը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ուղղակի վաճառքի հիմքը՝ վաճառված 424.7քմ մակերեսով հողամասի դեպքում առկա չի եղել. հողամասը գտնվում է փողոցների խաչմերուկում, կառուցապատման 1-ին գծում՝ փողոցին անմիջապես հարող հատվածում, ունի շուրջ 31.1մ փողոցին հարող երկարություն և 20.37մ լայնություն, ուստի այն ամբողջությամբ հանդիսանում էր առանձին գույքային միավոր և պետք է օտարվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով:

 

Պարզվել է նաև, որ վաճառված հողամասին հարակից գտնվող 431.3քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 4.500 դրամ, այսինքն՝ շուրջ 7.2 անգամ էժան:

 

 

  1. Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. մեկ այլ որոշմամբ քաղաքացի Ա.Ա.-ին 3.206.020 դրամ արժեքով օտարվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող 708.67քմ մակերեսով հողամասը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ուղղակի վաճառքի հիմքը՝ վաճառված 708.67քմ մակերեսով հողամասի դեպքում առկա չի եղել. հողամասի երկու հողակտորներն էլ գտնվում են կառուցապատման 1-ին գծում՝ փողոցին անմիջապես հարող հատվածում, ունեն համապատասխանաբար շուրջ 35մ երկարություն, 11մ լայնություն և շուրջ 43մ երկարություն, 7.5մ լայնություն, ուստի այն ամբողջությամբ հանդիսանում էր առանձին գույքային միավոր և պետք է օտարվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով: Օտարված հողամասում և հարակից հողամասերում արդեն իսկ իրականացված են կառուցապատման աշխատանքներ (առկա էին թաունհաուսներ):

 

Պարզվել է նաև, որ վաճառված հողամասին հարակից գտնվող 431.3քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 4.500 դրամ, այսինքն՝ շուրջ 7.2 անգամ էժան:

 

Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

 

Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն:

 

Ուսումնասիրության շրջանակներում իրականացված ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ճանապարհաշինարարական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների ծրագրերին,  քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեությանը, քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացին, արտասահմանյան գործուղումների ծախսերին, ինչպես նաև գնումների գործընթացը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին և հանրակրթական ծրագրին: Մասնավորապես, բացահայտվել են հետևյալ առավել ուշագրավ և մեծածավալ խախտումները.

 

  • պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին տրամադրվող դոտացիայի հաշվարկման հիմք հանդիսացող տեղեկատվությունը՝ գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները պակաս են ներկայացվել շուրջ 7.1 միլիարդ ՀՀ դրամի չափով,
  • ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել համապատասխան բազաներում, կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի գումար, իսկ շուրջ 8 տասնյակ ավտոմեքենաներ օտարվել են առանց 4.3 միլիոն ՀՀ դրամ գույքահարկի պարտավորությունը մարելու,
  • թվով 634 փոխադրամիջոց օտարվել է հարկադիր աճուրդի կամ բռնագանձման շրջանակներում, իսկ դրանց մասով առկա 124.6 միլիոն ՀՀ դրամի գույքահարկի պարտավորությունը գանձելու ուղղությամբ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել,
  • փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակներում արձանագրվել են շուրջ 542,7 միլիոն ՀՀ դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր, իսկ այդ աշխատանքների արդյունքում գոյացած՝ մոտ 288.6 միլիոն ՀՀ դրամի ասֆալտի տաշվածք կապալառու կազմակերպությունների կողմից չի տրամադրվել Երևան քաղաքի վարչական շրջաններին, ինչը սահմանված է եղել պայմանագրով,
  • հանրակրթական ուսուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների (ներառական) կրթության և նախադպրոցական կրթության գծով հատկացվել է 90.4 միլիոն ՀՀ դրամ ավել ֆինանսավորում և այլն :

 

Երևանի քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքներն  ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

 

Պետք է նշել նաև, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ստացված տեղեկատվությունների և իրականացված վերլուծությունների հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում զուգահեռաբար մշտադիտարկվում են 2011-2018թթ. շինարարության թույլտվությունների տրամադրման և ուղղակի վաճառքի եղանակով հողամասերի օտարման գործընթացները, որոնց արդյունքում այս պահի դրությամբ հայտնաբերվել են շուրջ 7.3 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ: Դրանք հիմնականում առնչվում են սահմանված ժամկետում շինարարությունը չավարտելու հետ կախված՝ վարչական տուգանքներ չկիրառելու դեպքերին, որոնց ընդհանուր չափը կազմում է մոտ 6.2 միլիարդ ՀՀ դրամ: Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են թվով 3 քրեական գործեր:

 

Երևանի քաղաքապետարանում մշտադիտարկումների շրջանակներում վերահսկողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքների մասին հետագայում կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մշտադիտարկվել են թվով 2154 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 96 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ

«Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողական գործառույթներ։

 

Ծառայության կողմից 2022 թվականի 1-ին կիսամյակում մշտադիտարկվել են թվով 2154 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 96 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ գործող գնումների մասին իրավակարգավորումներին: Համապատասխան մարմինների պատասխանատուներին ուղարկվել են վերահսկողության արդյունքներից բխող առաջարկություններ, որոնց արդյունքում 84 դեպքով իրականացվել է գնման գործընթացի հրավերներում ներառված տեխնիկական բնութագրերի փոփոխություն:

 

Զուգահեռ իրականացվել է նաև մշտադիտարկում՝ հանրային գնումների մասնակցության իրավունքից զրկված տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի բացահայտման նպատակով: Արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում համապատասխան մարմիններին տրվել են կնքված պայմանագրերի լուծման և պատասխանատու աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկություններ, որոնք ընդունվել և սահմանված կարգով ընթացք են տրվել, այդ մասին ծանուցելով Ծառայությանը: Մասնավորապես, 7 դեպքով՝ գնումների գործընթացներին իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված ընկերությունների հետ կնքված պայմանագրերով՝ 2 դեպքով լուծվել են արդյունքում կնքված պայմանագրերը, իսկ 5 դեպքով պատասխանատու աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

 

2022 թվականի 1-ին կիսամյակում իրականացված վերահսկողական գործընթացների արդյունքում թվով 13 տեղեկանք ներկայացվել է ՀՀ վարչապետին, արդյունքում 3 դեպքով հարուցվել է քրեական գործ, 1-ի մասով ՀՀ վարչապետի կողմից տրվել են հինգ պետական մարմնի ղեկավարների՝ ծառայողական քննություններ նախաձեռնելու հանձնարարականներ, 3-ի մասով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ լիազոր մարմինների կողմից նախաձեռնվել է ոլորտը բարելավելու օրենսդրական փոփոխություններ:

 

ՀՀ ոստիկանություն է ուղարկվել պահնորդական ծառայություններ մատուցող ընկերությունների այլ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանք, որի արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից, որպես ոլորտի լիազոր մարմին, կասեցվել են թվով 3 պահնորդական ծառայություններ մատուցող ընկերություններին տրված հատուկ թույլտվությունները (լիցենզիա), իսկ թվով 3-ի մասով հայտ է ներկայացվել դատարան:

 

Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ Ծառայության կողմից իրականացվող ամենօրյա վերահսկողական գործողությունները կրում են շարունակական բնույթ։