Մշտադիտարկվել են պետական մարմինների կողմից ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացները

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հանրային գնումների ոլորտում իրականացվել է մշտադիտարկում՝ ավտոմեքենաների ձեռքբերման գնման գործընթացներում խտրական չափորոշիչների բացահայտման և հետագայում կանխարգելման նպատակով, որի արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված գործընթացները կարգավորվում են ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» N 830-Ն որոշման հավելվածով սահմանված հաշվարկային չափորոշիչներով, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 24-ի 938-Ա հրամանի հավելվածով սահմանված գնային կարգավորումներով, ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն՝

 

ՀՀ կառավարության որոշմամբ կամ ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով (որպես ոլորտը կարգավորող լիազոր մարմին), սահմանել ըստ առանձին խմբերի հանրային հատվածի կազմակերպությունների կողմից ծառայողական ավտոմեքենաների ձեռք բերման օրինակելի տեխնիկական բնութագրեր՝ բացառելով խտրական գնումների ընթացակարգերի իրականացումը:

 

Հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարությանը վերանայել Որոշմամբ սահմանված իրավակարգավորումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Որոշման ընդունման ժամանակահատվածում չեն գործել ՀՀ վարչապետի ենթակա մարմինները:

 

Հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարարությանը վերանայել Հրամանով սահմանված գնային կարգավորումները՝ այն համապատասխանեցնելով շուկայական գործող գներին:

 

Միաժամանակ, Ծառայության կողմից մշտադիտարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խտրական տեխնիկական բնութագրերի կիրառմամբ՝ բարձրարժեք տրանսպորտային միջոցների գնման գործընթացները: Արդյունքում՝ ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումների իրավական կանոնակարգման ուղղությամբ՝ սահմանելով տեղական ինքնակառավարման մարմինների կարիքների համար ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաների չափորոշիչները և դրանց առավելագույն արժեքները:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում  տեղի է ունեցել 2022 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։

 

Ըստ այդմ, 2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 106 մշտադիտարկում, որից 81-ը ավարտված են, իսկ 25-ը գտնվում են ընթացքում: Մշտադիտարկումների իրականացումն այս պահին շարունակվում է  Արտաքին գործերի,  Պաշտպանության, Էկոնոմիկայի  նախարարություններում, Պետական եկամուտների կոմիտեում և այլ մարմիններում:

 

2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 12 ուսումնասիրություն, որից 9-ը գտնվում են ընթացքում: Տվյալ պահին իրականացվում են ուսումնասիրություններ Առողջապահության, Պաշտպանության նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ում և այլ մարմիններում այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ:

 

Իրականացված ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են հիմնականում հետևյալ խախտումները՝

  • ՀՀ կառավարության որոշումների պահանջների չկատարում,
  • պետական միջոցների անարդյունավետ կառավարում:

—    գնման գործընթացի պլանավորման և իրականացման անհամապատասխանություն «Գնումների մասին» օրենքին և այդ գործընթացը կանոնակարգող իրավական ակտերին,

—    ձեռքբերված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության քանակական անհամապատասխանությունը կնքված պայմանագրերին,

 

 

 

Արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ պետական մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ 8 դեպքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

 

Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների  արդյունավետությունը բարձրացնելուն  ուղղված՝ Ծառայության ղեկավարի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են Կառավարության որոշումների, ինչպես նաև  վարչապետի որոշումների և հանձանարարականների կատարումը։

Պետական վերահսկողական ծառայության վերահսկողական գործառույթների արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

 

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ հանրային քննարկման վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 14:30ին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության Մաշտոցի պող. 47 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2023-2025թթ. ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ:

Խնդրում ենք քննարկումներին մասնակցել ցանկացող ՔՀԿ-ներին մինչև ս.թ. ապրիլի 4ը ներառյալ, astghik.mkrtchyan@supervision.am Էլ. փոստի հասցեով ներկայացնել մասնակցության հայտ՝ կից ձևաչափին համաձայն (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծին կարող եք ծանոթանալ https://old.supervision.am/test3/medium_term_expenses/#  հղմամբ:

ՁԵՎԱՉԱՓ

Մամուլի հաղորդագրություն

2021 թվականի նոյեմբերի 25-ի կառավարության նիստի ընթացքում Վարչապետը հանձնարարել էր պարզել Քովիդ 19-ի հետևանքով մահացած քաղաքացիների քանակի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների տարբերության պատճառները:

Պետական վերահսկողական ծառայությանը ուղղված մի շարք լրատվամիջոցների հարցերին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք Վիճակագրական կոմիտեի և Առողջապահության նախարարության գործընկերների հետ ուսումնասիրում են հրապարակված տվյալների միջև տարբերությունների առաջացման պատճառները: Ուսումնասիրությունների արդյունքները ամփոփելուց հետո Վարչապետի հանձնարարությանը համապատասխան հանրությանը կներկայացվի ամբողջական տեղեկատվություն: