«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Պատճառված վնասի չափը կազմում է ավելի քան 21 մլրդ ՀՀ դրամ

Պետական վերահսկողական ծառայությունը պարզել է, որ  «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում  շինարարական աշխատանքներն անորակ կատարելու, փաստացի չկատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերով հաշվարկելու և դրանց դիմաց վճարելու, գնումների ընթացակարգերում թույլ տրված չարաշահումների, ընկերության համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով պայմանագրեր կնքելու և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21.010.739.100 ՀՀ դրամի վնաս: Նկատի ունենալով, որ ՊՎԾ կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել փաստաթղթեր կեղծելու, ընկերության պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության և ընկերության իրավունքների ու օրինական շահերի խախտման առումով էական վնաս պատճառելու և ծանր հետևանքներ առաջացնելու, իրենց վստահված դրամական միջոցները վատնելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գորիսի համայնքապետարանում ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Գորիսի համայնքապետարանում իրականացվել է ուսումնասիրություն՝ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու նպատակով:

Ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են տարաբնույթ խախտումներ՝ շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված, հանձնման-ընդունման արձանագրություններով, կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, շինարարական աշխատանքների միավորի արժեքների անհիմն թանկացման արդյունքում կատարողական ակտերով ավել հաշվարկված և վճարված գումարներ, շինարարական աշխատանքների համար կատարված ոչ նպատակային ծախս, շինարարության ընթացքում կատարված, սակայն շահագործման ընթացքում կոտրված և շահագործման համար ոչ պիտանի դարձած երկաթբետոնե առվակներ, որոնց արդյունքում, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է 38.440.000 ՀՀ դրամի վնաս:
Պարզվել է նաև, որ ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և 2011թ. փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու» որոշման պահանջների խախտմամբ երկու պայմանագրերի շրջանակներում կատարվել են աշխատանքների փոփոխություններ, որոնց գումարների չափը, պայմանագրերի սկզբնական գումարների նկատմամբ, կազմել են համապատասխանաբար 35.2 և 26.1 տոկոս:
Բացի այդ, արձանագրվել է, որ Գորիս համայնքում, գույքահարկի բազայում ունենալով  չվճարված հարկերի տեսքով պարտավորություն, մի շարք ավտոմեքենաներ օտարվել են:
Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Դատական դեպարտամենտում ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա հարուցվել է քրեական գործ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրերով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` դատական դեպարտամենտում իրականացված պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ իբրև թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր: Գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված  գիշերակացը հավաստող փաստաթղթեր՝ նրանք ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 41.934.000 ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում համապատասխան աշխատակիցները գործուղման օրերի ժամանակահատվածում գտնվել են աշխատանքի վայրում, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ ՊԵԿ տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ կամ չեն ունեցել համապատասխան քանակության հյուրանոցային համարներ:

Նկատի ունենալով, որ նշված ուսումնասիրության արդյունքներում առկա են եղել քրեական գործ հարուցելու առիթ և բավարար հիմքեր, դրանցում տվյալներ են պարունակվել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, դատական դեպարտամենտի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, կեղծ փաստաթղթեր օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, դատական դեպարտամենտի իրավասու պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս պատճառելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ, ուստի  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով  և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ  և կատարվում է նախաքննություն:

 

Սպիտակի համայնքապետարանում ՊՎԾ ուսումնասիրության հիման վրա հարուցվել է քրեական գործ

ՀՀ  պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Դրանց հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: